Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԴ)

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԴ)

Ընդհանուր ակնարկ

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԴ) աշխարհում ամենահաճած կիրառվող դեղախմբերից մեկն է: ՈՍՀԴ-ները բուժում են սուր և քրոնիկ ցավը և նվազեցնում բորբոքումը՝ ընկճելով ցավի և բորբոքման  համար պատասխանատու ֆերմենտները: Քանի որ այս դեղերը կիրառվում են շատ հաճախակի և ունեն լայն տարածում, խիստ կարևոր է իմանալ դրանց հակացուցումններն ու կողմնակի ազդեցությունները:

ՈՍՀԴ-ների տեսակները և դեղաձևերը

ՈՍՀԴ-ները հասանելի են տարբեր դեղաձևերով.

  • հաբեր
  • դեղապատիճներ (կապսուլներ)
  • ներարկման լուծույթներ
  • տեղային քսուքներ և գելեր
  • ռեկտալ մոմիկներ

ԱՄՆ-ում ՈՍՀԴ-ները կարող են լինել դեղատոմսով վաճառվող, ինչպես նաև առանց դեղատոմսի: Ամենատարածված առանց դեղատոմսի վաճառվող ՈՍՀԲ-ներն են.

  • Aspirin
  • Ibuprofen
  • Naproxen

Դեղատոմսով վաճառվող ՈՍՀԴ-ներն են.

  • Celecoxib
  • Diclofenac
  • Fenoprofen
  • Indomethacin
  • Ketorolac
  • Meloxicam
  • Naproxen
  • Ibuprofen

Իբուպրոֆենի և նապրոքսենի ցածր դոզաները հասանելի են առանց դեղատոմսի, մինչդեռ բարձր դոզաները գնելու համար անհրաժեշտ է դեղատոմս:

Առանց դեղատոմսի վաճառվող ՈՍՀԴ-ները ավելի ցածր դոզայով են և արդյունավետ ցավազրկում են: Յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում դեղին: Եթե ցածր դոզաները էֆեկտիվ չեն, բժիշկը կարող է ավելացնել դոզան և օգնել գտնել Ձեզ ամենահամապատասխան ՈՍՀԴ-ը: 

Եթե օգտագործում եք ՈՍՀԴ առանց բժշկի հետ քննարկման, ապա.

  • Չի՛ կարելի օգտագործել միաժանակ մեկից ավելի ՈՍՀԴ:
  • Չի՛ կարելի միասին օգտագործել դեղատոմսով և առանց դեղատոմսի տրվող ՈՍՀԴ-ները:
  • Չի՛ կարելի օգտագործել խորհուրդ տրվող դեղաչափից ավել:
  • Չի՛ կարելի օգտագործել տենդը բուժելու համար 3 օրից ավելի:
  • Չի՛ կարելի օգտագործել ցավազրկման նպատակով 10 օրից ավելի:
  • Խմե՛ք սննդընդունումից հետո՝ լիքը ստամոքսով:
  • Խմե՛ք մեկ բաժակ լիքը ջրով:

Կիրառման ցուցումները

Բժիշկները ՈՍՀԴ-երով բուժում են տարբեր սիմպտոմներ և հիվանդություն: Ահա դրանցից ամենատարածվածները.

  • մկանացավ
  • արթրիտ (հոդերի բորբոքում)
  • տենդոնիտ (կապանների բորբոքում)
  • մեջքի ցավ
  • ատամնացավ
  • դաշտանային ցավեր
  • գլխացավ
  • հարբուխ և գրիպ

Օգտագործման հակացուցումները

Մինչև ՈՍՀԴ ընդունելը պետք է խոսել բժշկի հետ, եթե Դուք

  • 65 տարեկանից մեծ եք
  • հղի եք, կամ պլանավորում եք հղիանալ
  • կերակրում եք կրծքով
  • ունեք ասթմա
  • նախկինում ունեցել եք ալերգիա ՈՍՀԴ-ից
  • ունեցել եք գաստրիտ, ստամոքսի խոց կամ ստամոքսաղիքային տրակտից (ՍԱՏ) արյունահոսություն
  • ունեցել եք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
  • ունեք աղիների հիվանդություններ (Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ)
  • ունեք չբուժված դիաբետ
  • ունեք որևէ խնդիր սրտի, լյարդի, երկամների, զարկերակային ճնշման կամ արյան շրջանառության հետ կապված 
  • ունեք մակարդման հիվանդություններ 
  • օգտագործում եք այլ դեղեր

Վերոնշյալ իրավիճակներում կարող է մեծանալ դեղորայքի կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Բժիշկը կարող է ընտրել ամենահարմար ՈՍՀԴ-ը կամ գտնել այլընտրանք: 

Վիրուսային հիվանդություններ ունեցող երեխաները չպետք է օգտագործեն ասպիրին կամ ասպիրին պարունակող այլ դեղ, քանի որ կարող է առաջանալ Ռեյի սինդրոմ: Վերջինս հազվադեպ հանդիպող, կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որի ժամանակ ախտահարվում են երեխայի ուղեղը և լյարդը: 

Կողմակի ազդեցությունները

Որոշ կողմնակի ազդեցություններ անցողիկ են, որոշներն էլ կարող են երկարատև լինել: Կողմնակի էֆեկտներն ավելի հավանական են, եթե Դուք ընդունում եք բարձր դոզաներով ՈՍՀԴ-եր երկար ժամանակ, ունեք ուղեկցող առողջական խնդիր, օգտագործում եք չափից ավելի շատ ալկոհոլ կամ ծխախոտ: Ամենահաճախ հանդիպող կողմնակի էֆեկտերը կապված են ՍԱՏ-ի հետ.

  • գազեր
  • վքնածություն
  • այրոց (ԳԷՌՀ)
  • փորկապություն
  • լուծ
  • ստամոքսի ցավ
  • սրտխառնոց և փսխում
  • ստամոքսի խոցեր, որոնք կարող են հանգեցնել ՍԱՏ արյունահոսության 

Դիմեք Ձեր թերապևտին, եթե ունեք հետևյալ կողմնակի էֆեկտներից որևէ մեկը.

Ստամոքսաղիքային տրակտ

ՈՍՀԴ-երը կարող են մեծացնել արյունահոսության ռիսկը: Արյունահոսությունը կարող է առաջանալ ցանկացած օրգանից, սակայն ամենահաճախն առաջանում է ՍԱՏ-ից: Ստամոքսի կամ աղիների հիվանդությունները, արյունահոսային հիվանդությունները, բարձր դոզաներով երկարատև ՈՍՀԴ-երի ընդունումը էլ ավելի են մեծացնում ռիսկերը: ՍԱՏ արյունահոսության սիմպտոմներն են.

  • արյունային փսխում կամ սուրճի նստվածքին նման զանգված փսխման զանգվածներում 
  • սև կամ ձյութանման կղանք
  • ստամոքսի ուժեղ ցավ
  • դեղնուկ

Միզային համակարգ

Նույնիսկ ՈՍԲԴ-երի կարճատև օգտագործումը կարող է վնասել երիկամները, մանավանդ եթե Դուք ունեք երիկամների հիվանդություն: Եթե օգտագործում եք ՈՍՀԴ-երը երկար ժամանակ, ապա երիկամների ֆունկցիան պետք է մոնիտորինգի ենթարկվի նվազագույնը տարին մեկ անգամ: Երիկամների վնասման նշաններն են.

  • պղտոր մեզ 
  • միզելու անկարողություն կամ մեզի քանակի փոփոխություն 
  • քաշի ոչ նորմալ ավելացում
  • հեղուկի կուտակում օրգանիզմում (այտուց)

Նյարդային համակարգ

  • մշուշոտ տեսողություն
  • ականջներում զնգոց
  • ֆոտոզգայունություն (լուսային գերզգայունություն)
  • սաստիկ գլխացավ
  • մտածելու կամ խոսելու դժվարություն
  • կենտրոնացման դժվարություն
  • հավասարակշռության կորուստ
  • գլխապտույտ
  • քնկոտություն
  • ձեռքերում կամ ոտքերում ծակծկոցի զգացում

Ալերգիկ ռեակցիաներ

  • արտահայտված ցան, եղնջացան կամ մաշկի շերտազատում
  • մաշկի քոր
  • խզզոց, դժվարաշնչություն, արտասովոր հազ
  • կրծքավանդակի ցավ, սրտխփոց, սրտի արագացած զարկեր
  • ընդհանուր թուլություն
  • հարբուխի նշաններ

Ծանր կողմնակի ազդեցություններ

ՈՍՀԴ-երի որոշ կողմնակի էֆեկտներ առաջանում են կտրուկ և կարող են պահանջել շտապ բժշկական օգնություն: Օրինակներն են՝ սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ, սուր ծանր ՍԱՏ արյունահոսություն և անաֆիլաքսիա: 

Սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ

Սրտամկանի ինֆարկտի ռիսկն ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեկցող սիրտանոթային հիվանդություններ: Սրտամկանի ինֆարկտի սիմպտոմներն են. 

  • ցավ կամ ճնշման զգացում կրծքավանդակում
  • տախիկարդիա (սրտի հաճախացած զարկեր) կամ առիթմիա (սրտի անկանոն զարկեր)
  • դժվարաշնչություն
  • մեջքի, ծնոտի, կոկորդի կամ ձեռքի ցավ
  • գերքրտնարտադրություն, ստամոքսի ցավ, փսխում կամ գլխապտույտ

Ինսուլտի դասական նշանները համախմբվում են “BE FAST” հապավման մեջ: Յուրաքանչյուր տառը ցույց է տալիս, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: 

  • BALANCE (հավասարակշռություն)—դժվարացած քայլք, հավասարակշռության կորուստ, սայթաքում
  • EYES (աչքեր)—տեսողության խանգարումներ, ինչպես օրինակ մշուշոտ, մթագնած տեսողություն և երկտեսություն 
  • FACE (դեմք)—դեմքի հանկարծակի առաջացած թուլություն կամ ասիմետրիա 
  • ARM (ձեռք)—մեկ կամ երկու ձեռքերի կտրուկ առաջացած թուլություն կամ թմրածություն 
  • SPEECH (խոսք)—դժվարացած, չկոորդինացված կամ լղոզված խոսք
  • TIME (ժամանակ)—ինֆարկտի բուժման մեջ ժամանակը խիստ կարևոր է 

Եթե նկատում եք սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի երևէ սիմպտոմ, անմիջապես զանգե՛ք 9-1-1:

ՍԱՏ արյունահոսություն

ՍԱՏ արյունահոսությունը կարող է զարգանալ սուր և ուղեկցվել շոկի (զարկերակային ճնշման կտրուկ անկման) նշաններով: Այսպիսի իրավիճակում Դուք պետք է ստանաք շտապ բժշկական օգնություն: Զանգե՛ք 9-1-1 եթե ունեք ՍԱՏ արյունահոսություն և հետևյալ նշաններից որևէ մեկը. 

  • ցածր զարկերակային ճնշում
  • ուշագնացություն
  • գիտակցության խանգարումներ
  • տախիկարդիա (սրտի հաճախացած զարկեր) կամ առիթմիա (սրտի անկանոն զարկեր)
  • մեզի քանակի նվազում

Անաֆիլաքսիա

Անաֆիլաքսիան ծանր ալերգիկ ռեակցիա է: Անաֆիլաքսիայի սիմպտոմներն են. 

  • շնչուղիների այտուց և օբստրուկցիա (խցանում) 
  • լեզվի և կոկորդի այտուց, որը կարող է դժվարացնել շնչառությունը 
  • շոկ (զարկերակային ճնշման կտրուկ անկում)
  • տախիկարդիա (սրտի հաճախացած զարկեր) կամ առիթմիա (սրտի անկանոն զարկեր)
  • սրտի կանգ
  • գլխապտույտ, գիտակցության կորուստ 

Զանգե՛ք 9-1-1, եթե նկատում եք անաֆիլաքսիայի որևէ սիմպտոմ: 

Ինֆորմացիայի աղբյուրներն են.
UpToDate
FDA
Cleveland Clinic