Ընդհանուր ակնարկ
Աթերոսկլերոզը բժշկական տերմին է, որով բնութագրվում է զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման պրոցեսը։
Զարկերակներն այն անոթներն են, որոնք թթվածնով և սննդանյութերով հարուստ արյունը սրտից տանում են դեպի մեր օրգանիզմի բոլոր հյուսվածքներ։ Զարկերակների պատերի մեջ և դրանց վրա ճարպերը, խոլոստերինը, կալցիումը և այլ նյութերը կպչում են միմյանց, ձևավորում աթերոմա (աթերոսկլերոտիկ վահանիկ): Սկզբնական փուլում սա բերում է զարկերակի պատի հաստացման և կարծրացման։ Սակայն պրոցեսը կարող է շարունակվել՝ վահանիկները կարող են պայթել և բորբոքվել, ինչը հանգեցնում է դրանց վրա թրոմբի (արյան մակարդուկներ) ձևավորման: Վերը նշված պրոցեսների հետևանքով նեղանում է զարկերակի լուսանցքը և նվազում այդ անոթով արյան հոսքը։
Աթերոսկլերոզը աշխարհում ամենատարածված անոթային հիվանդությունն է։ Չնայած նրան, որ շատ զարգացած երկրներում սրտի իշեմիկ հիվանդությունից և իշեմիկ ինսուլտից մահացությունն էապես նվազել է, 45-84 տարեկան մարդկանց մոտ կեսը ունի աթերոսկլերոզ։
Պաթոգենեզը և ռիսկի գործոնները
Աթերոսկլերոզի պաթոգենեզը շատ բազմագործոնային է և բարդ։ Աթերոսկլերոզի առաջացման հիմնական ռիսկի գործոններն են.
- դիսլիպիդեմիա (բարձր խոլեստերին և բարձր տրիգլիցերիդներ)
- հիպերտենզիա (բարձր զարկերակային ճնշում)
- 2-րդ տիպի դիաբետ
- մետաբոլիկ սինդրոմ
- ծխելը
- անառողջ սննդակարգ (հագեցած ճարպերով, տրանս ճարպերով, աղով և շաքարով հարուստ սնունդ)
- ճարպակալում և ավելորդ քաշ
- ֆիզիկական ակտիվության պակաս
- առաջին աստիճանի հարազատ, որի մոտ ախտորոշվել է աթերոսկլերոզ մինչև 50 տարեկանը
- վաղ սիրտանոթային հիվանդության ընտանեկան անամնեզ
- տղամարդկանց համար 45-ից մեծ տարիքը
- կանանց համար 55-ից մեծ տարիքը
Նշաններ և ախտանիշներ
Վաղ փուլերում աթերոսկլերոզն ընթանում է առանց ախտանիշների։ Միայն երբ վահանիկները անոթի լուսանցքը խցանում են 70-80%-ով, զարգանում են սիմպտոմները։ Աթերոսկլերոզը կարող է ախտահարել օրգանիզմի ցանկացած անոթ։ Ախտանիշները տարբեր են, կախված նրանից, թե որ անոթներն են ախտահարված։
Երբ գլխուղեը սնուցող քնային զարկերակներն են խցանվում աթերոսկլերոտիկ վահանիկներով, առաջանում է քնային զարկերակների հիվանդություն։ Այս վիճակը կարող է բերել տրանզիտոր իշեմիկ գրոհի (ՏԻԳ) և իշեմիկ ինսուլտի։
Պսակաձև զարկերակների հիվանդությունը կամ սրտի իշեմիկ հիվանդությունը, աթերոսկլերոզի մեկ այլ դրսևորումն է։ Մեր սրտամկանը սնուցող անոթենրը կոչվում են պսակաձև զարկերակներ։ Այս անոթներում արյան հոսքի նվազումը բերում է սրտամկանի վնասման և մահվան։ Սրտի իշեմիկ հիվանդության ախտանշաններն են.
- կրծքավանդակի ցավ (կրծքահեղձուկ)
- մեջքի, ուսերի, պարանոցի և ծնոտի ցավ
- գլխապտույտ և ընդհանուր թուլություն
- սրտխփոց
- սրտխառնոց և փսխում

Աթերոսկլերոզը կարող է ախտահարել նաև երիկամային անոթները (երիկամային զարկերակների ստենոզ): Սիմպտոմներն են.
- բարձր զարկերակային ճնշում
- մեզի քանակի փոփոխություն
- այտուց
- ընդհանուր թուլություն
- չոր և քոր եկող մաշկ
- գլխացավ
- քաշի անբացատրելի կորուստ
- սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն
Աղիները սնուցող զարկերակներում արյունահոսքի նվազումը կոչվում է միջընդերքի իշեմիա։ Ախտանշաններն են.
- որովայնացավ
- վքնածություն, սրտխառնոց և փոխում
- լուծ
- ախորժակի բացակայություն, սնվելուց վախ
Ծայրամասային զարկերակների հիվանդությունը ախտահարում է ձեռքերը և ոտքերը սնուցող զարկերակները։ Վերը նշված հիվանդության ախտանշաններն են.
- քայլելիս մկանացավ (ընդմիջվող կաղություն)
- հանգստի ժամանակ ոտքերում այրման զգացում կամ տնքացող ցավ
- վերջույթների թմրածություն և ծակծկոց
- մաշկի գույնի փոփոխություններ
- վերջույթների հաճախ կրկնվող մաշկային ինֆեկցիաներ
- ոտքերի երկարատև չլավացող վերքեր և խոցեր
Աթերոսկլերոզի հարաճը կարող է լինել աստիճանական (քրոնիկ) կամ կտրուկ (սուր)։
Պսակաձև զարկերակների սուր խցանումը բերում է սրտամկանի ինֆարկտի, իսկ ուղեղային զարկերակների խցանումը հանգեցնում է ինսուլտի։
Ախտորոշում
Ձեր բժիշկը կիրականացնի մանրակրկիտ ֆիզիկալ զննում, կտա հարցեր Ձեր և Ձեր ընտանիքի բժշկական պատմության մասին, Ձեր սննդային սովորությունների, ծխախոտի օգտագործման և ֆիզիկական ակտիվության մասին, ինչպես նաև կնշանակի արյան թեստեր։ Վերջինս ցույց է տալիս արյան մեջ բարձր գլյուկոզան կամ բարձր խոլեստերինը, որոնք խոսում են աթերոսկլերոզի բարձր ռիսկի մասին։
Հնարավոր է նաև այլ հետազոտությունների անհրաժեշտություն լինի` սրտի իշեմիկ հիվանդությունը, քնային զարմերակների հիվանդությունը կամ աթերոսկլերոզի այլ դրսևորումները ախտորոշելու համար (էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, վարժությունով սթրես թեստ, անգիոգրաֆիա, արմունկ – բազկային ինդեքս, համակարգչային տոմոգրաֆիա, դոպլեր ուլտրաձայնային հետազոտություն, ՄՌՏ և այլն):
Կախված նրանից, թե որ անոթներն են ախտահարված, կարող է անհրաժեշտություն լինել դիմելու սրտաբանի (բուժում է սիրտը), նյարդաբանի (բուժում է գլխուղեղը և ողնուղեղը), նեֆրոլոգի (բուժում է երիկամները) կամ անոթային վիրաբույժի (բուժում է երակները և զարկերակները):
Բուժում
Աթերոսկլերոզի բուժման նպատակներն են.
- արյան մակարդուկների ռիսկի նվազեցում
- հիվանդության առաջընթացի կանխարգելում
- բարդությունների կանխարգելում (սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, ինսուլտ, անևրիզմա և այլն)
- ախտանշանների նվազեցում
- նեղացած զարկերակներում արյունահոսքի վերականգնում
Նշված կետերին հասնելու համար կիրառվում են կենսակերպի փոփոխությունը, դեղորայքներ և վիրահատություններ։
Կենսակերպի փոփոխությունն իր մեջ ներառում է.
- ծխախոտային պրոդուկտներից խուսափում
- սրտի համար առողջ սննդակարգ (օրինակ՝ միջերկրածովյան սննդակարգ)
- ֆիզիկական ակտիվության ավելացում
Նշանակվում են հետևյալ դեղերը.
- զարկերակային ճնշումը կարգավորող
- արյան խոլեստերինը նվազեցնող
- արյան գլյուկոզան նվազեցնող
- մակարդուկների առաջացումը կանխարգելող
Նեղացած անոթների բուժման ամենատարածված վիրահատություններն են անգիոպլաստիկան, աթերէկտոմիան, աորտոկորոնար շունտավորումը, ստենտի տեղադրումը և այլն։
Կանխարգելում
Աթերոկսլերոզի ռիսկի գործոնների մի մասը մոդիֆիկացվող են, իսկ մի մասը ոչ։ Աթերոսկլերոզը կանխարգելելու համար Դուք պետք է․
- սնվեք առողջ սննդակարգով
- ունենաք կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
- խուսափեք ծխախոտից և դրա այլ պրոդուկտներից
- բուժեք առողջական խնդիրները (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա և այլն)
Ինֆորմացիայի աղբյուրներն են:
UpToDate
Mayo Clinic
Clevland clinic
Amrican Heart Association